Կապտուկներ հոգուն
Կապտուկներ հոգուն - հայ գրող Դօրիանի պիեսը, ցուցադրվել է 2009 թվականի նոյեմբերի 25-ին Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում։
Պիեսը պատմում է ամուսնու և սկեսուրի կողմից խելագարության հասցված կնոջ մասին։ Դրա ցուցադրությունը նվիրված էր կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։ Պիեսի գլխավոր հերոսները կրում են Ալեք և Նինա անունները։
Կազմակերպիչների տարածած մամլո հաղորդագրության մեջ ներկայացման սյուժեի մասին ասվում էր հետևյալը․
«Կապտուկներ հոգուն» ներկայացումը պատմում է երիտասարդ ամուսինների մասին: Նինան ապրում է անցյալի ծանր հիշողությունները սրտում, Ալեքն ի զորու չէ հասկանալ նրան, տեսնել այն կապտուկները, որ մնացել են կնոջ հոգուն: Հատակից վեր կենալու միակ ճանապարհը անուշադրության ու անտարբերության մատնված կնոջ համար թվում է միայն հեռանալը։
Բեմադրության ռեժիսորն էր Ֆրունզե Գևորգյանը։ Գլխավոր դերում՝ Արմինե Գաբրիելյանը։
Արձագանքներ
Ազատություն ռադիոկայանը 2009 թվականի նոյեմբերի 20-ին ներկայացման իր անոնսում նշել էր, որ այն «մինչեւ պրեմիերան հասցրել է ինտերնետային ֆորումների թեժ թեմա դառնալ»։[1]
«Կինը և քաղաքականությունը» (ռուսերեն) թերթի 2009թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համարում լույս է տեսնում ներկայացման մասին պատմող՝ «Սպիտակ ժապավեններ հոգու կապտուկներին» հոդվածը։
«Կապուտուկներ հոգուն» – այսպիսին է նոյեմբերի 25-ին, կանանց հանդեպ կիրառվող բռնության դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում ցուցադրված ներկայացման վերնագիրը։ Ներկայացման մեջ ներգրավված էին Երևանի Թատերական ինստիտուտի ուսանողները և «տուժած» կանանց երեխաները։ Չգիտեմ, թե այստեղ որքանով էր օրինաչափ երեխաների ընտրությունը, բայց դահլիճի ընդհանուր տրամադրվածությունը՝ դերասանների խաղը և երեխաների ելույթը բուռն ծափահարություններով և հիցմունքի ճիչերով ընդհատող, մասամբ արդարացնում էր նախաձեռնությունը։ Բեմադրման հիմնական հեղինակային հույզը կարեկցանքն էր գլխավոր հերոսուհու՝ Նինայի հանդեպ, ով հայտնվելով ամուսնու տանը չի կարողանում ազատվել իրեն տանջող միայնության զգացումից՝ մասամբ սկեսուրի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկություն չունենալու պատճառով, մասամբ էլ մանկական հիշողությունների, որտեղից ծնունդ է առնում նրա գրեթե ֆիզիոլոգիական վախը՝ հայտնվել դստեր աչքի առաջ հոր կողմից դաժան ֆիզիկական բռնության ենթարկվող մոր տեղում։ Նինայի իրավիճակը նոր տանն էլ ավելի է բարդանում, երբ նա կորցնում է երեխային, ինչպես նաև թաքուն լսում է ամուսնու և սկեսուրի խոսակցությունը, երբ վերջինս խորհուրդ է տալիս որդուն՝ իրեն սիրուհի գտնել։ Կարճ ասած՝ ամեն ինչ իր դեմ է և իրեն ոչինչ չի մնում, բացի ամուսնու տանից հեռանալուց։ Վերջաբանն ավելի քան տխուր է՝ նա կարոտում է ամուսնուն, հասկանում է, որ չի կարող ապրել առանց նրա և նրա զանգին է սպասում։ Բայց լսելով ամուսնու անտարբեր և «օտար» ձայնը, հասկանում է, որ ամեն ինչ ավարտված է… Ներկայացումն ավարտվեց։ Լեփ-լեցուն դահլիճը հուզված էր, կանանցից ոմանք թաքուն սրբում էին արցունքները… Սրահում մարդիկ էին կուտակվում, ոչ ոք չէր ուզում հեռանալ։ Եվ ես որոշեցի զրուցել մարդկանց հետ ներկայացման մասին։ – Կարի Ամիրխանյան, հոդվածի հեղինակ
Հոդվածում նաև ներկայացվել էին ներկայացման հանդիսատեսներից մի քանիսի մեկնաբանությունները․
Կարծում եմ այս ընտանիքում, որտեղ Նինան և Ալեքը ի սկազբանե սիրում էին իրար, չէր հերիքում սկեսուրի կողմից ջերմությունը։ Իսկ Ալեքը պետք է ջանք գործադրեր և զբաղվեր իր կնոջով։ Թեկուզ գոնե աշխատանքի տեղավորեր նրան։ Այդ դեպքում, կարծում եմ, ամեն ինչ կկարգավորվեր։ – Աշոտ Ավագյան, 25 տարեկան, ծրագրավորող
Հայտնի է, որ մարդիկ իսկապես տառապում են միայն տհաճ մանրուքներից։ Իմ փորձից գիտեմ՝ շատ բարդ է տանը նոր մարդու ընդունելը։ Փոխըմբռնումը, քնքշանքն ու սերը կհարթեն բոլոր փոքրիկ անհաջողությունները։ Եթե չդիմադրենք, այդ մանր անհաջողությունները լցնում են մեր ողջ տարածքը և տեղ չի մնում կարևորի՝ սիրո համար։ – Վահրամ Գասպարյան, 34 տարեկան, ինժեներ
Ամենաազդեցիկ մեղադրանքը՝ չհնչեցրած մեղադրանքն է։ Եթե Նինան հաղթահարեր իրեն և անվերջ չխոսեր իր միայնության և իր հանդեպ անտարբերության մասին, Ալեքն ինքն ամեն ինչ կհասկանար։ Ընտանիքում կինը միշտ պիտի հաշվարկող լինի՝ կարգավորի սկեսուրի հետ հարաբերությունները, սիրի ամուսնուն, չբողոքի գումարի բացակայությունից, միշտ ուրախ և աշխույժ լինի։ – Հասմիկ Փիլիպոսյան, 52 տարեկան, տնային տնտեսուհի
Կարծում եմ՝ այս ընտանիքում խնդիրներ կային ինտիմ կյանքում։ Այստեղից էլ գալիս էին կեղծ մտածված ինտոնացիաները, ձանձրալի և դատարկ խոսակցությունները միայնության մասին։ – Արմեն Սամվելյան, 20 տարեկան, փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող
Հերոսուհին չկարողացավ անել կարևորագույնը՝ կարգավորել հարաբերություններն ամուսնու և սկեսուրի հետ։ Սա սովորական պատմություն է միջին վիճակագրական հայ ընտանիքի համար, երբ կինը չունի իր իրավունքների մասին իրական պատկերացումներ։ – Կարին Մնոյան, 41 տարեկան, ուսուցչուհի
ՆԵրկայացմանն անդրադարձել էր նաև «Զառանցապատում» անունով բլոգի հեղինակը․
Անկեղծ ասած, սպասելիքներս ավելին էին: Ախր էնքան մեծ շուխուռ էր բարձրացել էդ առիթով: Իսկ ներկայացումը դիտելիս կյանքիս մեջ առաջին անգամ տղամարդու կողմն էի բռնել և ինչ-որ տեղ խղճում էի նրան: Ի՞նչ կար այնտեղ: Ընտանիքում բռնություններ տեսնելու հետևանքով հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ կին, որն ամուսնու գլխին պատուհաս էր դարձել, իսկ նրա մտքով չանցավ, որ կինը հոգեբույժի կարիք ունի, թափով ամուսնալուծվեց:[2]
