Հօդված այլընտրանքային (հոդված)
Մարքեթինգի թեմայով «Emporium» կայքում 2012 թվականին լույս տեսած հոդված։ Հոդվածի հեղինակն է Էլլա Կալենցը։ Ներկայումս «Emporium» կայքը փակված է և հոդվածն հասանելի է միայն Դօրիպեդիայում։
Բացի իր հիմնական Դօրիան էջից, Դօրիանը ևս մեկ էջ ուներ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որը «Դօրիան այլընտրանքային» էր անվանել։ Այս հոդվածի վերնագիրը նմանակում էր գրողի այդ էջի վերնագրին։
Հոդվածն ամբողջությամբ
Ամենահայտնի գրքերի հեղինակ Ջեյ Կոնրադ Լեվինսոնն ասում էր, որ «մարքեթինգային ոգեշնչման» աղբյուր կարող է հանդիսանալ գրեթե ամեն ինչ առանց ոլորտային սահմանափակման: Խթանման միջոցներն ունիվերսալ են և հմուտ ձեռքերում ու մեր լեզվով ասած «քթի ծակի» առկայության դեպքում կիրառելի են թե գրականության, թե կաթնամթերքի խթանման դեպքում:
Համացանցի ուրվականը կամ Դօրիան
«Ես գիտեմ ով է նա…հաստատ Վիոլետ Գրիգորյանն ա կամ էլ իրա ամուսինը: Հաստատ իրանք են…սեքս, ու տենց բաների մասին իրանք են գրում»
Մի պահ նմանատիպ խոսակցությունները ողողել էին գրեթե ողջ քաղաքը: Շշմելու բան, կարծես թե «տեղական» ժամանակակից գրականությունն այդքան շատ մարդկանց չէր հետաքրքրում, որքան հիմա… ինչո՞ւ… միայն այն պատճառով, որ գրողն իրեն ծածկել էր վիրտուալ շղարշով ու չէր ցանկանում ի հայտ գալ, թե չափից դուրս ցավոտ թեմաների էր «կպնում»: Իսկ միգուցե նա համատեղել էր այդ երկու գործոնն էլ ու այդ ամենը համեմել այլ միջոցներով, որպեսզի հնարավորինս հաջողված խթանում իրականացնի:
«Ինքս եմ որոշել ինկոգնիտո ներկայանալ: Մի կողմից դա հետաքրքրություն առաջացնելու համար էր, մյուս կողմից էլ ունեի վախ, որ տարիքս, կամ որևէ այլ ֆակտոր, ի նպաստ իմ ներկայացրած գրականության չէր լինի: Անհրաժեշտ էր, որպեսզի նախ ընդունվեր իմ գրականությունն անկախ հեղինակից, որպեսզի այն գտներ իր ընթերցողին: Հենց դրա շնորհիվ է, որ մարդիկ այսօր արդեն ծանոթ լինելով աշխատանքին, կարծիք են հայտնում, որ անկարևոր են համարում հեղինակի ով, կամ ինչպիսին լինելու հանգամանքը…
… Այս կամ այն քայլի նախագծման հարցում որևէ օգնություն չի եղել: Օգնությունն իրականացման ընթացքում է եղել: Եթե չհաշվենք առաջին կես տարիների աշխատանքը, իմ մյուս բոլոր քայլերը եղել են հաշվարկված, հիմնված առցանց հետազոտությունների վրա: Սկսած թեմաներից, որոնք պիտի բարձրացվեին, վերջացրած Facebook-յան առաջխաղացումը, որտեղ, օրինակ, ի պատիվ ինձ բացված էջերում ներգրավվում էին առավելապես իգական սեռի ներկայացուցիչներ, իսկ իմ դեմ բացված էջերում (նույնպես մեր կողմից)` արական, մաքսիլմալ արդյունքի հասնելու համար:
Ինտուիտիվ չեմ համարում արված աշխատանքը, քանի որ սիրողական մարկարդակով PR և մարքեթինգ եմ ուսումնասիրում և փորձ եմ անում գործնականում կիրառել: Ոլորտում ծանոթներ չունեմ, առաջարկող էլ չկա: Կարդում էի ու կարդում եմ ինչ պատահի, փառք Աստծո, դրա հետ խնդիր չունեմ: Top-երը, կամ նորություններն, իհարկե, ազդում են (ինքս էլ գովազդի տակ ընկնող եմ)…» – Դօրիան
Մի կողմից վիրտուալ տարածությունը լայն հնարավորություններ է ընձեռում հատկապես գրողներին ու լրագրողներին ընթերցված լինելու համար (եթե լեզվական պատնեշի առաջ չես կանգնում մի օր)… մյուս կողմից միայն վիրտուալ տիրույթում մնալը կարող է բերել իրական գործունեության սահմանափակմանը: Նմանատիպ խնդիրներից հնարավորինս խուսափելու համար Դօրիանը նաև ակտիվացրել է իր գործունեությունը (օֆֆլայն)` հեռուստատեսային հարցազրույցներ, բեմադրություններ և այլն: Բոլոր ռեսուրսները պետք է հնարավորինս արդյունավետ գործածել:
Հիմա գրեթե ամեն ինչի խթանումը կենտրոնացված է համացանցում, հատկապես որոշ սոցիալական կայքերում ինչպիսին են Facebook-ը: Այն հարմար է, արագ է աշխատում, սակայն միշտ չէ, որ զգալի արդյունքներ է թողնում ապրանքի խթանման վրա…
Ներկել եմ, որ ցույց տամ` դա թույլատրելի է:
Ներկել եմ, որ, օրինակ, Վազգենը, քաղաք Երևան, 21 տարեկան, աղեղնավոր, նույնպես ներկի: Որ տիկին էսինչն ու ընկեր էսինչը Վազգենին էլ ամեն օր ներկած մազերով տեսնեն ու չզարմանան դրա վրա: Ներկել եմ, որ հետո ասեմ, թե ինչքան աննշան բան ա էդ ներկելն ու քանի հազար անգամ կարող եմ ներկել: Ներկել եմ, որ մարդկանց սովորեցնեմ դրան նշանակություն չտալ: Մեղքս գալիս ա իմ թզբեխով ու փողոցներում թքող ժողովուրդը: Ներկել եմ, որ ապացուցեմ` պարտադիր չի էդպիսին լինել: – վերցված է Դօրիանի Facebook էջից
Ահա նմանատիպ ստատուս է գրել Դօրիանն իր ֆեյսբուքյան էջում հեռուստատեսային իր առաջին բացեիբաց հարցազրույցից հետո:
Նրա գրական գործերն ու արարքները միևնույն կոնցեպտի ներքո են արվում (կամ այսպես ասած «բրենդային ստվերի»), ինչը դրանք ավելի գրավիչ կարող է դարձնել, քան «թույն» վերնագիրն ու գրքի հաջող դիզայնը: Ներկայացվող գործերի ու դրանց հեղինակի կերպարի ընդգծված կապը կարևոր է «սպառողների» համար, քանի որ թույլ է տալիս մեկը մյուսի հետ ասոցացնելով ավելի լավ հիշել երկուսն էլ:
Այդ ամենին գումարվում է նաև ներկայացվող գրական գործերի փաթեթավորումը հասարակությունը տանջող խնդիրներով: Դա կարող է լինել բուն գրական գործի կամ դրա խթանմանը հարակից միջոցներով: Գլոբալ նպատակների առկայությունն իհարկե պարտադիր չէ, սակայն միշտ օգնում է ապրանքի կամ «ապրանքի» հանդեպ վստահություն ու համակրանք առաջացնել: Այլ կերպ ասած ոչ պակաս կարևոր է նաև գործերի «նպատակային դիրքավորումը»: Այսինքն բացի նրանից, որ ներկայացնում ես սեփական գործերն ու ուզում, որ դրանք կարդացվեն , դրանք ավելի լայն կոնտեքստում ես տեղադրում ու փորձում ցույց տալ, որ սոցիալապես ներգրավված ու պատասխանատու քաղաքացի ես: Նման մոտեցման դեպքում յուրաքանչյուր գործ, որն անում ես դառնում է ավելի գլոբալ գործունեության մի մասնիկ և ինքնստինքյան կարևորվում ու «ձգում»:
ԳՕվազդ
Մի կողմ թողնելով սոցիալական ներգրավվածոթյունն ու դրա պատրանքներն անցնենք այլ հարցին` ինչպիսի միջոցների են դիմում ժամանակակից հայ գրողները սեփական գործերը գովազդելիս և որ մասնիկներն են անտեսում:
«Ասել, թե ժամանակակից գրողները չեն փորձում գովազդվել, սուտ կլինի: Վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտը բավականին ակտիվացել է: Կայքեր են ստեղծում, փորձում են Facebook-ում առաջխաղացնել իրենց աշխատանքը, ծանոթ-բարեկամ խառնելով հարցազրույցներ ու հոդվածներ են հրապարակում: Հետևաբար, նրանց մոտեցումն ակնհայտ է՝ բնա՜վ, ոչ մի ռոմանտիկա: Մեկ այլ հարց է, որ գովազդվելը ոչ բոլորի մոտ է ստացվում: Մարդիկ, պարզապես, որպես անձ հետաքրքրություն չեն առաջացնում, չեն կարողանում ներկայանալ: Ո՞վ ասեց, որ բոլորը պիտի ինքնուրույն կարողանան դա: Կան մասնագետներ, մարդիկ, ովքեր ունեն համապատասխան հմտություններ ու աշխատում են մյուս մարդկանց հանրությանը գրագետ ներկայացնելու ուղղությամբ: Կարծում եմ լավ կլիներ, եթե դիմեին, աշխատեին մասնագետների հետ»: – Դօրիան
Իհարկե մեր պայմաններից ելնելով բարդ է աշխատել մասնագետների հետ, բայց կարելի է մի քանի քայլ ձեռնարկել, որոնք կօգնեն առաջ գնալ: Ահա մի քանի կետեր, որոնք կարելի է համարել խթանման ելակետը․
- Գրական հիշվող ու լավ կլինի ասոցիատիվ անուն
- Վառ ընդգծված կերպար, որը մաքսիմալ կարտացոլի սեփական կենսակերպն ու կասոցացվի սեփական գործերի հետ
- Ընթերցողի մոտավոր կերպար, որը կօգնի հասկանալ թե ում համար ես գրում
Կարծում եմ սկզբնական փուլում այսքանն ու համացանցն իր անծայրածիր հնարավորություններով բավարար են սեփական գործերի խթանումն իրականացնելու համար:
Սակայն մինչև տարատեսակ հարցերի ու խնդիրների մեջ մխրճվելը կարևոր է պատասխանել մեկ գլխավոր հարցի` ո՞րն է այս ամենի նպատակը: Միայն այս հարցին անկեղծ պատասխան տալով հնարավոր կլինի հետագա գործողություններն ու ռազմավարությունը հստակեցնել: Իմանալով նպատակը՝ միշտ ավելի հեշտ է դրան հասնելու միջոցներ ձեռնարկել։
