Հիմարների տներն ավելի մեծ են
Դօրիանի «Հիմարների տներն ավելի մեծ են» պատմվածքների ժողովածուն հրապարակվել է 2016 թվականին։ Այն 2011 թվականին հեղինակի բացահայտվելուց հետո հրապարակված առաջին ծավալուն աշխատանքն է (մինչև այդ հրապարակվել էին նաև «Ես Մերիլ Սթրիփն եմ» և «Իմ երկու հայրը» պատմվածքները)։
Դօրիանի «Եվա» բանաստեղծությունների ժողովածուի շապիկին զետեղված է «Հիմարների տներն ավելի մեծ են» ժողովածուի և «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպի գովազդը։
Ի սկզբանե «Հիմարների տներն ավելի մեծ են» ժողովածուն հասանելի էր միայն Bookmate կայքում։ Այն այդ կայքում հրապարակված առաջին հայալեզու գիրքն էր։ Գրքի նկարագրության մեջ ասվում էր․
Ժողովածուի վիպակներից յուրաքանչյուրը բեկումնային իրադարձություններին կամ բացահայտումներին հաջորդած՝ գլխավոր հերոսի կյանքի կարճատև հատվածի նկարագրությունն է։ ՀՀ առաջին տիկնոջ կյանքը՝ Քրիստոսին հանդիպելուց և ծեր ուսուցչի կյանքը՝ բանկոմատ թալանելու իր որոշումից հետո, փոքրիկ Վահեի կյանքը՝ հարևան մարդակերին բացահայտելուց և բոլորին քաջ հայտնի Լուիզա Դամբարանի կյանքն հանելուկային մի տղամարդու տանն հայտնվելուց հետո։[1]
Թվային գրքում ժողովածուի չորս պատմվածքները վերնագրված էին իրենց հերոսների անուններով, սակայն (Bookmate կայքից հեռացնելուց հետո) Դօրիանն իր կայքում հրապարակեց դրանք առանձին պատմվածքների տեսքով և հետևյալ վերնագրերով․[2]
- «Փրկել շարքային մերժվածին» (ժողովածուում՝ Սեդա Հախվերդյան)
- «Մարտիկը և մյուս մարդիկ» (ժողովածուում՝ Մարտիկ Մարգարյան)
- «Փնտրում եմ մարդակեր՝ առանց միջնորդի» (ժողովածուում՝ Վահե)
- «Լուիզա Դամբարանն իմ սիրուհին չէ» (ժողովածուում՝ Լուիզա Դամբարան)
Ինչպես ասված էր նկարագրության մեջ՝ պատմվածքներից յուրաքանչյուրը նկարագրում է հերոսի կյանքից մի կարճատև դրվագ, որն հաջորդում է որևէ բեկումնային իրադարձության։ Նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև տարիներ անց հրապարակված «Ջրի բերածը» պատմվածքը։
Հղումներ
- ↑ «Հիմարների տներն ավելի մեծ են» ժողովածուի էջը Բուքմեյթ կայքում – https://bookmate.com
- ↑ «Հիմարների տներն ավելի մեծ են» ժողովածուի պատմվածքները Դօրիանի կայքում – https://dorian.am
