Գլխավոր էջ

Դօրիպեդիա-ից
23:18, 13 փետրվարի 2026 տարբերակ, Shushan (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Դօրիան (իրական անունը՝ Գրիգոր Մուրադյան, ծնվ. օգոստոսի 27, 1988թ.), հայ ժամանակակից գրող՝ արձակագիր և բանաստեղծ։ Իր ստեղծագործական ուղին սկսել է իբրև բլոգեր՝ վարելով հեղինակային «Հոգու մերկապար» բլոգը։ Առավել հայտնի է «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպով և «Սատանան մայրամուտին» պատմվածքով։ Համացանցում լայն տարածում ունեցող «Կարոտ» բանաստեղծության հեղինակն է։

Կենսագրություն

Դօրիանի իրական անունն է Գրիգոր Մուրադյան։ Ծնվել է 1988 թվականին, Երևանում, որտեղ բնակվում է մինչ օրս։ Սովորել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցում։ Տասնվեց տարեկանում գրված իր առաջին բանաստեղծությունները՝ «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» տպագրել է դպրոցական թերթում։ 2006-2008 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ծառայության ընթացքում գրել է իր առաջին վեպերը՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» և «Ադհյատման», իսկ «Կարոտ» և «Գարուններն էլ են ձյուներով գալիս» բանաստեղծությունները տպագրվել են «Հայ զինվոր» թերթում։ Այդ տարիներին են գրվել նաև հեղինակի մի քանի տասնյակ այլ բանաստեղծություններ։[1]

2009 թվականից համացանցում հանդես գալով Դօրիան կեղծանվան տակ՝ դարձել է բացառապես առցանց գրականություն ներկայացնելով ճանաչում ձեռք բերած առաջին հայ հեղինակը։ Նրա առաջին աշխատանքները հրապարակվել են «YES!» երիտասարդական ամսագրում։ 2009 թվականին «Սատանան մայրամուտին» վիպակի շնորհիվ դարձել է «Ինքնագիր» գրական մրցանակի առաջին մրցանակակիրը։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում ցուցադրվել է նրա «Կապտուկներ հոգուն» պիեսի բեմադրությունը։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի Պետական Դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացվել հեղինակի երկրորդ՝ «Արհեստական արբանյակը» պիեսի բեմադրույթունը։ Նույն ամսում նրա «Սատանան մայրամուտին» վիպակը հրապարակվել է «Ինքնագիր» գրական հանդեսի 6-րդ համարում։ 2011 թվականի դեկտեմբերին լույս է տեսել Դօրիանի առաջին՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գիրքը։ Նույն ամսին հայկական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող «ՓՈՓ հանրագիտարան» հաղորդաշարի շրջանակներում առաջին անգամ ցուցադրվել է Դօրիանի դեմքը և հնչել է նրա իրական անուն-ազգանունը։ Հաղորդմանն հաջորդած իր հարցազրույցում Գրիգոր Մուրադյանը նշել է, որ անկախ բացահայտվելու հանգամանքից՝ շարունակելու է հանդես գալ Դօրիան կեղծանվան տակ։[2]

Բլոգերի կարյերան ավարտելուց հետո հազվադեպ է հրապարակումներ կատարում սոցիալական ցանցերում և այլևս հարցազրույցներ չի տալիս։ Բացահայտվելուց ի վեր հրապարակել է չորս պատմվածքից բաղկացած «Հիմարների տներն ավելի մեծ են» թվային գիրքը, «Ջրի բերածը» պատմվածքը, ինչպես նաև հրատարակել է իր երկրորդ տպագիր գիրքը՝ «Եվա» բանաստեղծությունների ժողովածուն։

2025 թվականին ընթերցողի դատին է ներկայացրել իր երրորդ վեպը՝ «Ադելի վերջին օրերը»։

Ազդեցությունը

Դօրիանի «Կապտուկներ հոգուն» և «Արհեստական արբանյակը» ստեղծագործությունները բեմադրվել են համապատասխանաբար Երևանի Տիկնիկային թատրոնի և Երևանի Դրամատիկական թատրոնի բեմերում, հեղինակ-կատարող Աննա Պապյանը երգեր է գրել Դօրիանի «Կարոտ», «Լալեյ», «Մի հունվար էլ առանց ինձ» և «Ջրեմարդը» բանաստեղծությունների հիման վրա։

Ենթադրաբար, Դօրիանի «Ադհյատման» վեպով է ոգեշնչված «Անունս Վիոլա է» հայկական ֆիլմը։

Դօրիանի առցանց կերպարով կարող է ոգեշնչված լինել նաև հայ ռեփ-կատարող Մ՛Տիկոյի «Դորիան» երգը։

Առավել հայտնի ստեղծագործությունները

Ստեղծագործությունը Ժանրը Նշում
«Սատանան մայրամուտին» պատմվածք արժանացել է «Ինքնագիր» մրցանակի, տպագրվել է համանուն հանդեսի 6-րդ համարում
«Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպ հրատարակվել է 2011 թվականի դեկտեմբերին
«Կապտուկներ հոգուն» պիես պրեմիերան տեղի է ունեցել 25.11.2009-ին ԵՊՏԹ-ի բեմում
«Արհեստական արբանյակը» պիես պրեմիերան 24.11.2010-ին ԵԴԹ-ի բեմում
«Ադհյատման» վեպ հրապարակվել է առցանց 2009 թվականին, ապա, տարիներ անց, հեռացվել է հեղինակի կայքերից։ Վերադարձվել է dorian.am կայք 2025 թվականին անվճար էլեկտրոնային գրքի տեսքով։
«Եվա» ժողովածու հեղինակի երկրորդ տպագիր գիրքը, որը լույս է տեսել 2020 թվականին

Արտաքին հղում