Գլխավոր էջ
Դօրիան (իրական անունը՝ Գրիգոր Մուրադյան, ծնվ. օգոստոսի 27, 1988թ.), հայ ժամանակակից գրող՝ արձակագիր և բանաստեղծ։ Իր ստեղծագործական ուղին սկսել է իբրև բլոգեր՝ վարելով հեղինակային «Հոգու մերկապար» բլոգը։ Առավել հայտնի է «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպով և «Սատանան մայրամուտին» պատմվածքով։ Համացանցում լայն տարածում ունեցող «Կարոտ» բանաստեղծության հեղինակն է։
Կենսագրություն
Դօրիանի իրական անունն է Գրիգոր Մուրադյան։ Ծնվել է 1988 թվականին, Երևանում, որտեղ բնակվում է մինչ օրս։ Սովորել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցում։ Տասնվեց տարեկանում գրված իր առաջին բանաստեղծությունները՝ «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» տպագրել է դպրոցական թերթում։ 2006-2008 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ծառայության ընթացքում գրել է իր առաջին վեպերը՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» և «Ադհյատման», իսկ «Կարոտ» և «Գարուններն էլ են ձյուներով գալիս» բանաստեղծությունները տպագրվել են «Հայ զինվոր» թերթում։ Այդ տարիներին են գրվել նաև հեղինակի մի քանի տասնյակ այլ բանաստեղծություններ։[1]
2009 թվականից համացանցում հանդես գալով Դօրիան կեղծանվան տակ՝ դարձել է բացառապես առցանց գրականություն ներկայացնելով ճանաչում ձեռք բերած առաջին հայ հեղինակը։ Նրա առաջին աշխատանքները հրապարակվել են «YES!» երիտասարդական ամսագրում։ 2009 թվականին «Սատանան մայրամուտին» վիպակի շնորհիվ դարձել է «Ինքնագիր» գրական մրցանակի առաջին մրցանակակիրը։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում ցուցադրվել է նրա «Կապտուկներ հոգուն» պիեսի բեմադրությունը։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի Պետական Դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացվել հեղինակի երկրորդ՝ «Արհեստական արբանյակը» պիեսի բեմադրույթունը։ Նույն ամսում նրա «Սատանան մայրամուտին» վիպակը հրապարակվել է «Ինքնագիր» գրական հանդեսի 6-րդ համարում։ 2011 թվականի դեկտեմբերին լույս է տեսել Դօրիանի առաջին՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գիրքը։ Նույն ամսին հայկական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող «ՓՈՓ հանրագիտարան» հաղորդաշարի շրջանակներում առաջին անգամ ցուցադրվել է Դօրիանի դեմքը և հնչել է նրա իրական անուն-ազգանունը։ Հաղորդմանն հաջորդած իր հարցազրույցում Գրիգոր Մուրադյանը նշել է, որ անկախ բացահայտվելու հանգամանքից՝ շարունակելու է հանդես գալ Դօրիան կեղծանվան տակ։[2]
Բլոգերի կարյերան ավարտելուց հետո հազվադեպ է հրապարակումներ կատարում սոցիալական ցանցերում և այլևս հարցազրույցներ չի տալիս։ Բացահայտվելուց ի վեր հրապարակել է չորս պատմվածքից բաղկացած «Հիմարների տներն ավելի մեծ են» թվային գիրքը, «Ջրի բերածը» պատմվածքը, ինչպես նաև հրատարակել է իր երկրորդ տպագիր գիրքը՝ «Եվա» բանաստեղծությունների ժողովածուն։
2025 թվականին ընթերցողի դատին է ներկայացրել իր երրորդ վեպը՝ «Ադելի վերջին օրերը»։
Ստեղծագործությունները
Դօրիանը շուրջ 300 չափածո ստեղծագործությունների[1], երեք վեպի և շուրջ երկու տասնյակ պատմվածքների հեղինակ է։ Նրա արձակ ստեղծագործությունների ամբողջական ցանկը կարելի է տեսնել «Արձակ ստեղծագործություններ» էջում։
Դօրիանի առավել հայտնի ստեղծագործություններն են․
| Ստեղծագործությունը | Ժանրը | Նշում |
|---|---|---|
| Սատանան մայրամուտին | պատմվածք | Արժանացել է «Ինքնագիր» մրցանակի, տպագրվել է համանուն հանդեսի 6-րդ համարում։ |
| Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ | վեպ | Տպագրվել է 2011 թվականի դեկտեմբերին։ |
| Կապտուկներ հոգուն | պիես | Պրեմիերան տեղի է ունեցել 25.11.2009-ին ԵՊՏԹ-ի բեմում |
| Արհեստական արբանյակը | պիես | Պրեմիերան 24.11.2010-ին ԵԴԹ-ի բեմում |
| Ադհյատման | վեպ | Հրապարակվել է առցանց 2009 թվականին, ապա, տարիներ անց, հեռացվել է հեղինակի կայքերից։ Վերադարձվել է dorian.am կայք 2025 թվականին անվճար էլեկտրոնային գրքի տեսքով։ |
| Եվա | ժողովածու | Հեղինակի երկրորդ տպագիր գիրքը, որը լույս է տեսել 2020 թվականին։ |
| Ադելի վերջին օրերը | վեպ | Հեղինակի երրորդ վեպը՝ հրապարակված 2025 թվականին՝ թվային գրքի տեսքով։ |
Ազդեցությունը
Դօրիանի «Կապտուկներ հոգուն» և «Արհեստական արբանյակը» ստեղծագործությունները բեմադրվել են համապատասխանաբար Երևանի Տիկնիկային թատրոնի և Երևանի Դրամատիկական թատրոնի բեմերում, հեղինակ-կատարող Աննա Պապյանը երգեր է գրել Դօրիանի «Կարոտ», «Լալեյ», «Մի հունվար էլ առանց ինձ» և «Ջրեմարդը» բանաստեղծությունների հիման վրա։
Ենթադրաբար, Դօրիանի «Ադհյատման» վեպով է ոգեշնչված «Անունս Վիոլա է» հայկական ֆիլմը։
Դօրիանի առցանց կերպարով կարող է ոգեշնչված լինել նաև հայ ռեփ-կատարող Մ՛Տիկոյի «Դորիան» երգը։
Քննադատությունը
Իր գործունեության առաջին տարիներին Դօրիանը քննադատությունների էր արժանանում ինչպես իր գրական տաղանդի համար, այնպես էլ՝ առցանց ակտիվության։ Այսպես՝ գրողների միության այդ ժամանկվա նախագահ Լևոն Անանյանը, ինչպես նաև միության այլ անդամներ, միևնույն ժամանակ և՛ պնդում էին, որ նման անունով գրող չկա, և՛ տողատակով քննադատում էին վերջինիս։ «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը Դօրիանին «թույլ գրող» էր համարում։ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը քննադատում էր Դօրիանի առցանց գործունեությունը և մեղադրում հոմոսեքսուալություն «քարոզելու» համար։ Դօրիանի խոսքերով«Գրանիշ» գրական համայնքի կայքը նա՛խ հրապարակել էր իր բանաստեղծությունները, ապա՝ ջնջել կայքից։[3]
Ինքը՝ Դօրիանը, իր «Հոգու մերկապար» բլոգում հաճախ վիրավորական գրառումներ էր կատարում իրեն քննադատողների հասցեին։ Լևոն Անանյանը, Հովհաննես Գալաջյանը, ինչպես նաև Սոս Սարգսյանը հայտնվել էին նրա ուշադրության կենտրոնում՝ իր անձը և գործունեությունը քննադատելու պատճառով։
Արտաքին հղում
- ↑ Դօրիանի կենսագրությունն իր անձնական կայքում – https://dorian.am/biography/
- ↑ Դօրիանի կենսագրությունը Wikipedia կայքում – https://hy.wikipedia.org/wiki/Դօրիան
- ↑ «Ազատություն» ռադիոկայան, «Ծպտյալ գրողի խոստովանությունը»
